Լիազորությունների կամ իշխանության ապակենտրոնացումը բազմակողմ գործընթաց է, որն առնչվում է երկրի կառավարման կազմակերպմանը:
Ապակենտրոնացումը լիազորությունների, պարտականությունների և ռեսուրսների փոխանցումն է կենտրոնական իշխանությունից կառավարման ավելի ցածր, տեղական մակարդակներին։
Ապակենտրոնացման ամենամեծ առավելությունը երկրի ժողովրդավարացումն է, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը, իշխանությունների հաշվետվողականության բարձրացումը և ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր քաղաքացիներին:
Ապակենտրոնացումը նպաստում է, որ իշխանություններն ավելի հասցեական ու արագ արձագանքեն համայնքների խնդիրներին և կարիքներին։
Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) ավելի հաշվետու են իրենց ընտրողների առջև, ովքեր ֆինանսավորում և սպառում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները։ Օրինակ՝ երբ դպրոցների, պոլիկլինիկաների, սոցիալական ծառայությունների կառավարումը կենտրոնացած է լինում կենտրոնական իշխանության, նախարարությունների և դրանց ներքո գործող կառույցների ձեռքում, որոնք կտրված են համայնքների մարդկանց իրականությունից և հաճախ կաշկանդված անհարկի վարչարարությամբ, դա խոչընդոտներ է ստեղծում հանրային ծառայությունների արդյունավետ, պատշաճ և հասցեական մատուցման համար։
Ապակենտրոնացման պարագայում կառավարությունը ՏԻՄ-երին տալիս է որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ և ռեսուրսներ այդ կենսական ծառայությունները համայնքների բնակիչներին տրամադրելու համար։
ՏԻՄ-երը, լինելով ավելի մոտ համայնքում բնակվող մարդկանց, ունեն անհրաժեշտ պատկերացում նրանց հոգսերի, կարիքների մասին և կարող են հստակ սահմանել առաջնահերթությունները, արդյունավետ բաշխել ռեսուրսները և իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք իսկապես համապատասխանում են համայնքի բնակիչների պահանջներին: Հատկապես ճգնաժամերի դեպքում, ինչպես օրինակ պատերազմը, բնական աղետները կամ համավարակը, կառավարության սահմանափակ ճկունությունը թույլ չի տալիս արձագանքել փոփոխվող իրավիճակին և տեղում ի հայտ եկող կարիքներին։
Ապակենտրոնացումը նպաստում է նաև համայնքներում տնտեսական աճին և բարեկեցությանը՝ զարգացման հնարավորություն տալով բոլոր համայնքերին։
Ապակենտրոնացումն ունի մի շարք այլ առավելություններ։ Տեղական ինքնակառավարման մարմինների մոտ լինելը քաղաքացիներին թույլ է տալիս վերջիններիս մասնակցել համայնքի հասարակական կյանքին և ավելի մեծ ազդեցություն ունենալ տեղական պաշտոնյաների որոշումների կայացման գործընթացի վրա, ինչը կարող է նվազեցնել կոռուպցիայի մակարդակը և բարելավել տեղական իշխանությունների աշխատանքի հաշվետվողականությունը և թափանցիկությունը: 2015 թ․-ից ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում իրականացվել են մի շարք փուլերով։
Ներկայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է լիազորությունների ապակենտրոնացման և դրա գործնական իրականացման գործընթաց՝ որպես տեղական ինքնակառավարման կայուն զարգացման նախապայման: Մասնավորապես, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնացվել են լիազորությունների ապակենտրոնացման ներուժ ունեցող առնվազն 4 ոլորտ`
1. Առաջնային առողջապահություն,
2. Միջհամայնքային ճանապարհների օգտագործում և սպասարկում,
3. Դպրոցների շենքերի օգտագործում և սպասարկում,
4. Սոցիալական համալիր ծառայությունների մատուցում։
Այս համատեքստում, 2023 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ապակենտրոնացման հայեցակարգը», որը պետք է ծառայի որպես ապակենտրոնացման մանրամասն ռազմավարության և դրա ճանապարհային քարտեզի մշակման տեսլական։ Ռազմավարությունը պատրաստ կլինի 2025 թվականի նոյեմբեր ամսին: