Ապակենտրոնացում: Կրթության ապակենտրոնացում

Կրթության ապակենտրոնացում

Կրթության ապակենտրոնացում

Կրթության բնագավառում ապակենտրոնացումը պարադիգմային փոփոխություն է ավանդական և պահպանողական կենտրոնացված կամ ուղղաձիգ համակարգերից դեպի ավելի տեղային որոշումների անցում և կառավարում: 

Այն ներառում է լիազորությունների, գործառույթների և որոշումների ընդունման իրավասության փոխանցում տարբեր մակարդակներ՝ ինչպիսիք են դպրոցները, շրջանները կամ տեղական համայնքները:

Ապակենտրոնացումը ավելի մեծ ինքնավարություն ու անկախություն է տալիս դպրոցներին և տեղական համայնքներին` թույլ տալով նրանց որոշումներ կայացնել ելնելով իրենց առանձնահատուկ կարիքներից և պահանջմունքներից, ձևավորելով սեփական կրթական զարգացման օրակարգերը: 

Այս տեսանկյունից պետք է վերհիշել Ֆրանսիացի անվանի սոցիոլոգ, դիվանագետ, քաղաքագետ և պատմաբան Ալեքսիս դը Տոկվիլի «Ժողովրդավարությունն Ամերիկայում» մենագրությունը, որտեղ նա 4-րդ գլխում (Տոկվիլը քաղաքացիական կյանքի մասին), խոսելով ազատ ազգերի մասին ապակենտրոնացման համատեքստում, նշում է․ 

«Ժողովրդական տեղական ժողովները (համայնքների ավագանիները) կազմում են ազատ ազգերի ուժը: Քաղաքային հաստատություններն (տեղական ինքնակառավարման մարմինները) ազատության համար այնքան կարևոր են, որքան տարրական դպրոցները գիտության համար. ազգը կարող է ազատ կառավարություն ստեղծել, բայց առանց քաղաքային ինստիտուտների (տեղական ինքնակառավարման մարմինների) չի կարող ունենալ ազատության ոգի»: 

Կրթական ոլորտում ապակենտրոնացումը փիլիսոփայական փոփոխություն է, որն այդ կյանքի և միջավայրի մասնակից կողմերին հնարավորություն է ընձեռում հարմարեցնել ուսումնական պլանը, ուսուցման մեթոդաբանությունը և ռեսուրսների բաշխումը իրենց հատուկ պահանջներին համապատասխան:

Կրթական ապակենտրոնացումը խրախուսում է հաշվետվողականությունը մի քանի մակարդակներում: Դպրոցները և մանկավարժները պատասխանատվություն են վերցնում իրենց գործունեության համար՝ խթանելով շարունակական կատարելագործման և նորարարության մշակույթը: 

Միևնույն ժամանակ, տեղական համայնքները և ծնողները ակտիվորեն վերահսկում և գնահատում են կրթական գործընթացի արդյունքները:

Վերջինս նպատակ ունի բարձրացնել համայնքի ուղիղ ներգրավվածությունը և մասնակցությունը կրթության գործընթացի կազմակերպմանը և կառավարմանը:

Պատկերացնենք, երբ որոշումներ կայացնող իշխանությունը ապակենտրոնացված է, ծնողները, ուսուցիչները և ՏԻՄ-երի (տեղական համայնքների) ներկայացուցիչները կարող են նպաստել կրթական քաղաքականության, ծրագրերի մշակման, աշխատանքի կազմակերպմանը և կրթական նախաձեռնությունների զարգացմանը:

Այդպիսի օրինակով Տոկվիլը նույն աշխատության մեջ ընդգծում է քաղաքացիական ակտիվության դերը տեղային որոշումներում, մասնավորապես նշելով, որ տպավորված էր քաղաքացիական ներգրավվածության մակարդակով, որը նա տեսավ ամերիկացիների շրջանում:

Իր «Ժողովրդավարությունը Ամերիկայում» մենագրության մեջ Տոկվիլը հաճախ է արձանագրում իր հարգանքը միջին ամերիկացի քաղաքացու քաղաքական ակտիվության նկատմամբ։ Տոկվիլը հասկանում էր, որ Ամերիկան ստեղծված է լավագույնս աշխատելու համար, երբ իր քաղաքացիները ակտիվորեն ներգրավված են համայնքային մակարդակում:

Կրթության շահագրգիռ սուբյեկտների (ծնող, ուսուցիչ և համայնքներ) միջև համագործակցային մոտեցումը խթանում է սեփականության զգացումը և կոլեկտիվ պատասխանատվությունը կրթության ապագայի համար:
Ապակենտրոնացումը արձանագրում է, որ կրթական համակարգերը պետք է բավարարեն սովորողի բազմազան կարիքները ու առանձնահատկությունները:

Թույլ տալով տեղական դերակատարներին հարմարվել և հարմարեցնել կրթության մատուցումը, ապակենտրոնացումը նպաստում է անհատականացված ուսուցման փորձին, որը հասցեագրում է սովորողի անհատական կարիքներն ու տեղական համատեքստերը՝ պատշաճ արձագանքելով գոյություն ունեցող խնդիրներին:

Ապակենտրոնացված կամ տեղական որոշումների կայացումը առաջ է բերում նոր մանկավարժական մեթոդների ուսումնասիրություն, թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ինտեգրում և առաջադեմ դասավանդման պրակտիկաների ու գործիքակազմերի որդեգրում: 

Այս ճկունությունը խրախուսում է այլընտրանքային կրթության մոդելների փորձարկումները և խթանում շարունակական բարելավման մշակույթը:

Որոշումներ ընդունելու իրավասություն, լիազորություն և կարողություն ունեցող ապակենտրոն կրթական համակարգերը կարող են ավելի արագ ու հասցեական արձագանքել առաջացող մարտահրավերներին և փոփոխվող արտաքին գործոններին:

Ի տարբերություն պետական կառավարման մարմինների, տեղական դերակատարներն ունեն օպերատիվություն և ճկունություն՝ արդյունավետ կերպով վերաբաշխելու ռեսուրսները և ժամանակին լուծելու հատուկ կրթական կարիքները։

Ապակենտրոնացված կրթությունը ճանապարհ է հարթում ավանդական կրթական համակարգերի փոխակերպման համար և սովորողներին տալիս ստեղծագործականություն, նորարարություն և ազատություն:

Կիսվել