Ապակենտրոնացում: Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում

Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում

Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը: 

Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով եւ իրավական ակտերով: 

Հայաստանը Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիան վավերացրել է 2002 թվականին: 
Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: 

Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) են` համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով եւ կարող է կազմել 5-65 հոգի: 

ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` "Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին" ՀՀ օրենքի համաձայն: 

Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր: Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը: 

Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով։

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ 

Համայնքի սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը: 
Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ: 

Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: 
Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ: 

Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առանձին օղակ է: Յուրաքանչյուր համայնք բաղկացած է մեկ կամ մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1003 բնակավայր, որոնք միավորված են 71 համայնքներում, որից 64-ը՝ միավորված համայնքներ են: 

Չեն միավորվել մայրաքաղաք Երևանը, Գյումրին և թվով 5 ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված համայնքներ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ, ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ, ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի: Եվս 4 համայնքներ՝ Մեծաձոր, Ալագյազ, Արևուտ, Լերմոնտովո համայնքները ազգային փոքրամասնություններով բնակեցված, սակայն միավորված համայնքներ են։

Հայաստանի Հանրապետությունում 2015-2022 թթ. տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բաժանման բնագավառներում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում: 

Մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը, որին հետևելու է «Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության» և դրանից բխող միջոցառումների մշակումը և հաստատումը, այնուհետև՝ դրանց իրականացումը: Սկսած 2015 թվականից՝ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են 6 փուլով՝

1. 2015թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 1-ին փուլ, (915/896) 
2. 2016թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 2-րդ փուլ, (896/793) 
3. 2017թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլ, (793/502) 
4. 2020թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 4-րդ փուլ, (502/483)
5. 2021թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 5-րդ փուլ, (483/79) 
6. 2022թ-ին՝ Վարչատարածքային բարեփոխումների 6-րդ փուլ, (79/71): 

Համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները (աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և այլն) փոխարինվել են ծառայություններ մատուցող հաստիքներով, հնարավոր է դարձել համայնքի համախմբված բյուջեի միջոցների հաշվին բնակավայրերում կապիտալ ներդրումների իրականացումը: 

Իրականացվում են խոշորածավալ ներդրումներ միջազգային կազմակերպությունների կողմից. ներդրումների հաշվին իրականացվում են կապիտալ ծրագրեր, տեխնիկայի ձեռքբերում: Ավագանու նիստերը դարձել են ավելի հրապարակային, թափանցիկ, շահագրգիռ, մրցակցային, թիրախային: