Ապակենտրոնացում: Քաղաքական փիլիսոփայություն և ապակենտրոնացում

Քաղաքական փիլիսոփայություն և ապակենտրոնացում
հնս 11
Վերածննդի դարաշրջանի իտալացի քաղաքական փիլիսոփա, քաղաքագետ Նիկոլո Մաքիավելին բացահայտորեն չէր օգտագործում «ապակենտրոնացում» ժամանակակից տերմինը, սակայն նրա գրվածքները հաճախ շոշափում էին այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են դրան։
Իր աշխատություններում, հատկապես «Տիրակալը» և «Դիսկուրսներ Լիվիոսի մասին» գրքերում, Մաքիավելին անդրադառնում է իշխանության բնույթին, կառավարմանը և կենտրոնական ու տեղական վերահսկողության հավասարակշռության անհրաժեշտությանը:
Նրա տեսակետները կարելի է հասկանալ վերջինիս ընդհանուր փիլիսոփայության համատեքստում, թե ինչպես պահպանել քաղաքական կայունությունը, խուսափել քաոսից և ապահովել պետության արտաքին անվտանգությունը:
Ահա Մաքիավելիի՝ ապակենտրոնացման վերաբերյալ մտածողության մի քանի հիմնական կետեր:
Հանրապետական կառավարում և ապակենտրոնացում
«Դիսկուրսներ Լիվիոսի մասին» աշխատության մեջ Մաքիավելին քննության է առնում հանրապետական կառավարման բնույթը՝ որպես մոդել՝ հիմնվելով Հին Հռոմի վրա:
Այստեղ նա ընդունում է ավելի ապակենտրոնացված քաղաքական կառույցի առավելությունները, որտեղ իշխանությունը բաշխվում է իշխանական տարբեր ճյուղերի միջև, ինչպիսիք են Սենատը, ժողովուրդը և մագիստրատները:
Կառավարման այս ապակենտրոնացված ձևը նպատակ ուներ թույլ չտալ, որ որևէ առանձին խմբակցություն կամ սուբյեկտների խումբ չափազանց հզոր դառնա՝ այդպիսով պահպանելով հավասարակշռությունը և պաշտպանելով հանրապետությունը բռնակալությունից:
Այս ամենն ամփոփված է հեղինակի նույն աշխատության մեջ տեղ գտած հետևյալ մտքում․
«Հռոմեական Հանրապետությունը մեծ էր իշխանության բաժանման և իր քաղաքացիներին տրված ազատության պատճառով»:
Մաքիավելին գնահատում էր իշխանության ապակենտրոնացումը հանրապետական համակարգերում, քանի որ այն թույլ էր տալիս զսպումների և հավասարակշռումների մեխանիզմներ աշխատեցնել, որոնք թույլ չէին տալիս մի կառավարչի կամ խմբի կողմից չափազանց մեծ ազդեցություն ունենալուն:
Այնուամենայնիվ, նա նաև զգուշացնում էր, որ նման համակարգը կարող է դառնալ անարդյունավետ կամ անկայուն, եթե խմբակցությունները կամ սուբյեկտային դրսևորումներ ձևավորող խմբերը չափազանց պառակտված լինեն, կամ եթե ուժեղ տիրակալը/առաջնորդը չկարողանա բարձրանալ դրանցից, երբ անհրաժեշտ է:
Ուժերի հավասարակշռություն
Մաքիավելիի գաղափարներն առաջարկում են ապակենտրոնացման պրագմատիկ/իրատեսական մոտեցում, որտեղ տեղական առաջնորդները կամ կառավարությունները (համայնքները) կարող են իշխանություն ունենալ, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սպառնում մեծ պետության կայունությանը կամ միասնությանը: Նա կարծում էր, որ իշխանությունը պետք է բաշխվի այնպես, որ թույլ չտրվի որևէ խմբի չափազանց հզոր դառնալ՝ առանց պետության ընդհանուր ուժն ու համախմբվածությունը զոհաբերելու:
Զգուշացում՝ ընդդեմ չափազանց մեծ ապակենտրոնացման
Թեև Մաքիավելին ընդունում էր հանրապետական կարգերում ապակենտրոնացված համակարգերի դրական առավելությունները, նա նաև զգուշանում էր չափից ավելի ապակենտրոնացումից՝ հատկապես միապետությունների պարագայում: Քաղաքական գործիչը մտավախություն ուներ, որ տեղական կառավարիչներին (համայնքների ղեկավարներին) կամ խմբակցություններին չափազանց մեծ ինքնավարություն ու անկախություն տալը կարող է հանգեցնել անկայունության, հակամարտության կամ մասնատման:
«Տիրակալ»-ում նա շեշտում է, որ կառավարիչը պետք է ուշադիր հավասարակշռի ապակենտրոնացումը՝ կենտրոնական իշխանության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։
Մաքիավելիի մտքում ապակենտրոնացումը բնածին բացասական կամ դրական հասկացություն չէ. ավելի շուտ դա կախված է քաղաքական համատեքստից:
Նա արժեք է տեսնում հանրապետությունում ապակենտրոնացման մեջ՝ հավասարակշռությունը խթանելու և բռնակալությունը կանխելու համար:
Այնուամենայնիվ, ճգնաժամի կամ միապետությունների ժամանակ նա հաստատապես հանդես է գալիս ավելի կենտրոնացված իշխանության օգտին՝ ներքին քաղաքական կայունություն պահելու համար:
Ապակենտրոնացման հարցում Մաքիավելիի մոտեցումը հստակ է՝ իշխանության բաշխումը պետք է ծառայի պետության պահպանման ընդհանուր նպատակին:
Հեղինակի մտածումները համապարփակ պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես ապակենտրոնացումը կարող է կիրառվել տարբեր քաղաքական համատեքստերում և պետական կառավարման ձևերում՝ լինի դա հանրապետություններում, թե միապետություններում: Այս մոտեցումները ներառում են ապակենտրոնացված իշխանության ռազմավարական օգտագործում՝ հավասարակշռելով և՛ ռիսկերը, և՛ օգուտները՝ ամրապնդելու և ուժեղացնելու կառավարչի/տիրակալի ազդեցությունը պետության վրա: Ահա, թե ինչպես կարող են կիրառվել մաքիավելյան սկզբունքները ապակենտրոնացման համար.
Տիրակալը/կառավարիչը կարող է ապակենտրոնացնել որոշումների ընդունումը ոչ այնքան կարևոր հարցերում կամ իշխանության կենտրոնից հեռու տարածքներում: Սա կարող է ներառել լիազորությունների պատվիրակում տեղական պաշտոնյաներին կամ համայնքներին՝ միաժամանակ վերահսկողություն պահպանելով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են ռազմականը, արտաքին քաղաքականությունը և հարկերը:
Տեղամասերին (տեղական ինքնակառավարման մարմիններին) տրվող ինքնավարությունը պետք է սահմանափակվի, սակայն, ապահովելով, որ տեղական ղեկավարները հավատարիմ մնան և վտանգ չներկայացնեն կենտրոնական իշխանության համար:
Օրինակ, Տիրակալը կարող է տեղական մագիստրատներին կամ քաղաքային (համայնքների) ղեկավարներին նշանակալից իշխանություն շնորհել տարածաշրջանային կառավարման և տնտեսական հարցերում, բայց պահպանել նրանց որոշումները վերացնելու կարողությունը, երբ խոսքը վերաբերում է ռազմական հարցերին, հարկերին կամ դաշինքներին:
Ըստ Նիկոլո Մաքիավելիի՝ ապակենտրոնացումը կարող է գործիք լինել ներքին սպառնալիքները կառավարելու համար՝ հավասարակշռելով մրցակից խմբակցությունները: Այս տեսանկյունից, իտալացի քաղաքագետը հավատացած էր, որ ապակենտրոնացումը կարող է տարածվել նաև տեղական ռազմական ուժերի վրա, սակայն նրանց հավատարմությունը պետք է ապահովվի: Կառավարիչները կարող են թույլ տալ տեղական շրջաններին (համայնքներին) կամ խմբակցություններին պահպանել իրենց զինված ուժերը, քանի դեռ այդ ուժերը մնում են կենտրոնական կառավարության անմիջական ազդեցության կամ վերահսկողության տակ։
Ապակենտրոնացնելով նաև ռազմական իշխանությունը՝ կառավարիչը կարող է նվազեցնել պոտենցիալ սպառնալիքները, բայց ապահովել, որ այս տեղական ուժերը, ի վերջո, հավատարիմ լինեն կենտրոնին, հաճախ խրախուսման կամ վերահսկողության համակարգի միջոցով:
Շարունակելով այդ գաղափարը՝ Մաքիավելին պնդում էր, որ կառավարիչը կարող է թույլ տալ, որ տեղական տերերը կամ գավառները (մարզերը, համայնքները) պահպանեն իրենց զինյալներին կամ պաշտպանությունը, սակայն նրանցից պահանջել կանոնավոր հաշվետվություններ ուղարկել կենտրոնական կառավարությանը և ռազմական աջակցություն ցուցաբերել՝ ըստ պահանջվի:
Թեև ապակենտրոնացումը կարող է օգտակար լինել, կառավարիչը միշտ պետք է իրեն իրավունք վերապահի կենտրոնացնել իշխանությունը անկայունության պահերին: Սա նշանակում է, որ ապակենտրոնացումը պետք է դիտարկել որպես ժամանակավոր կամ ավելի ճիշտ՝ մարտավարական գործիք, որը կարող է միշտապես ճշգրտվել/վերանայվել ելնելով պետության կարիքներից ու առաջնահերթություններից:
Եթե տեղական առաջնորդը դառնում է չափազանց հզոր, կամ եթե առաջանում է ապստամբություն, կառավարիչը կարող է օգտագործել ռազմական ուժ, քաղաքական մանևրներ կամ օրինական միջոցներ՝ վերահաստատելու կենտրոնական վերահսկողությունը:
Ապակենտրոնացման մաքիավելյան մոտեցումը ռազմավարական է, որն ուղղված է տեղական ինքնավարության, ազատության ու ինքնակառավարման առավելությունների հավասարակշռմանը կենտրոնական իշխանության հետ:
Այսպիսով, մեծ մտածողի հայացքներն ամենևին զուտ ապակենտրոնացման (դեցենտրալիզացիա) կամ կենտրոնացման (ցենտրալիզացիա) երևույթի քարոզչություն չէ, այլ ռազմավարական լծակների օգտագործում թե՛ տիրակալի իշխանությունը, և թե՛ պետության անվտանգությունը երաշխավորելու համար:
Բնօրինակ անգլերենով աղբյուրներ՝ https://library.fiveable.me/political-philosophy/unit-4/machiavellis-realist-approach-politics-power/study-guide/JjdynhB0ghk1UIa0
https://archive.mu.ac.in/myweb_test/TYBA%20study%20material/Politicals%20Sci.%20-%20V.pdf
Կիսվել