Հանդիպում Վաղարշապատ համայնքի ղեկավարի հետ

Հանդիպում Վաղարշապատ համայնքի ղեկավարի հետ

մյս 06 - մյս 06

Համայնքի ղեկավար Դիաննա Գասպարյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի թիմին՝ ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Շվեդիայի Լունդ քաղաքի փոխքաղաքապետ պարոն Ֆիլիպ Սանդբերգը, ով Հայաստան է ժամանել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների և համայնքների հետ կիսվելու՝ Շվեդիայում միջհամայնքային միավորումներ ստեղծելու, միջհամայնքային համագործակցություն ձևավորելու հաջողություններով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու ապակենտրոնացման երկարամյա և առաջադեմ փորձով։

Դիաննա Գասպարյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ Վաղարշապատ համայնքը կարևորում է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի հետ գործընկերությունը՝ ընդգծելով նաև դպրոց-համայնք համագործակցության ձևաչփում տարվող աշխատանքները։ 

Վերջինս բարձր է գնահատել Շվեդիայի փորձը տեղական ինքնակառավարման համակարգում և շեշտել, որ Հայաստանը, այս դեպքում՝ հանրապետության տեղական համայնքները մեծ պատրաստակամությամբ կարող են աշխատել շվեդ գործընկերների հետ, կրթվել և կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները։

Լունդի քաղաքապետի տեղակալ Ֆիլիպ Սանդբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ միշտ սիրով է վերադառնում Հայաստան, այս անգամ՝ ավելի մեծ ուրախությամբ, քանի որ եկել է աշխատանքի դաշտ ստեղծելու հայկական համայնքների հետ։ Ֆիլիպ Սանդբերգը համայնքի ղեկավարին և իր տեղակալին է ներկայացրել Լունդ քաղաքի կառավարման փորձը, մասնավորապես տեղական հարկերի հավաքագրման, դպրոցների կառավարման, կոշտ թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ջրային պաշարների և այլ ուղղությունների հետ կապված ոլորտներում։ Փոխքաղաքապետի խոսքով այս ոլորտների և առհասարակ հանրային և համայնքային ծառայությունների մատուցման շվեդական հաջողությունը պայմանավորված է նաև նրանով, որ այնտեղ բացի համապատասխան ազատ իրավական դաշտից, առկա է նաև մշակույթ և մտածողություն, որը ենթադրում է, որ համայնքներն իրենք են ձևավորում միմյանց միջև համագործակցության եղանակներ և ձևեր տարբեր ոլորտներում։

 Փոխքաղաքապետը մանրամասն ներկայացրել է նաև ապակենտրոնացման առավելությունները քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու և կենտրոնական իշխանություններին հակակշռելու տեսանկյունից։

Կողմերը քննարկել են և մտահոգություն հայտնել, որ Հայաստանում համայնքներին միավորող մասնագիտական կառույցի՝ համայնքների միության դե ֆակտո պարապուրդը կամ ակտիվության բացակայությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում տեղական ինքնակառավարման համակարգը զարգացնելու և տեղական ձայնը լսելի դարձնելու համար։

Վաղարշապատ համայնքի ղեկավարն էլ իր հերթին ներկայացրել է այն խնդիրները, որոնք այսօր ունի համայնքը և թե ինչ հնարավորություններ կարող է ստեղծել ապակենտրոնացումը տեղական համայնքների համար, մասնավորապես առաջարկելով և հույս հայտնելով, որ ապակենտրոնացման իրական շոշափելի արդյունքը առաջին հերթին կլինի այն, որ պետությունը եկամտային հարկից մասհանում հանի համայնքներին։

Հանդիպմանը քննարկվել է Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիայի` ՍԱԼԱՐ-ի գործունեությունն ու նպատակները։

Այցի ավարտին կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել համագործակցությունը խորացնելու նպատակով։

Կիսվել