Քննարկում Ախուրյանի համայնքապետարանում

Քննարկում Ախուրյանի համայնքապետարանում

մյս 22 - մյս 22

Ս․թ․ մայիսի 22-ին Սալար Ինթերնեշնլ կազմակերպության «Աջակցություն  Հայաստանում  ապակենտրոնացմանը  ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի թիմն այցելել է գործընկեր համայնք՝ Ախուրյան։

Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հանդիպումը սկսվել է Հայաստանում ծրագրային թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանի՝ ծրագրի նպատակների ու բովանդակության ներկայացմամբ, որից հետո քննարկվել է ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները։

ՏԻ հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը ներկայացրել է դպրոց-համայնք համագործակցության ձևաչափը և կրթության ապակենտրոնացման ուղղությամբ ծրագրի կողմից արդեն իսկ իրականացված քայլերը։

Ախուրյան համայնքը դպրոց-համայնք համագործակցության ձևաչափում նոր չէ և ներկայանում է 4 դպրոցներով։ Վերջին չորրորդը՝ Կապսի միջնակարգ դպրոցն է, որը վերջերս է միացել ձևաչափին՝ իբրև ապագա կրթահամալիր և համայնքային զարգացման կենտրոն։

Հանդիպմանը քննարկվել են ՏԻՄ-երի անկախությանը, ինքնուրույնությանը վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ Զավեն Մանուկյանը արտահայտել է հստակ դիրքորոշում՝ պաշտպանելով տեղական ինքնակառավարման գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը։

Անդրադարձ է եղել համայնքի կարողություններին և ապակենտրոնացման հայեցակարգով նախատեսված 4 ուղղություններին, որոնք գործընթացի բարեհաջող իրականացման վերջնարդյունքում՝ ընդգրկվելու են համայնքի լիազորությունների թվում։

Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում համայնքի ակտիվությունը գնալով կմեծանա՝ հաշվի առնելով, որ կրթության ապակենտրոնացման համատեքստում առնվազն վարչատնտեսական կառավարման իմաստով, համայնքները կստանձնեն նոր լիազորություններ ու գործառույթներ։

Քննարկվել է նաև Շվեդիայի տեղական ինքնակառավարման առաջավոր փորձը և այդ երկրի կրթական ու համայնքային կյանքի կազմակերպման առանձնահատկություններ։

Հանդիպման ավարտին, կազմակերպվեց այց Կապս գյուղի նորակառույց միջնակարգ դպրոց։ Համայնքապետարանի պաշտոնյաների ու դպրոցի ղեկավարության հետ տեղի ունեցան քննարկումներ՝ ապագա համագործակցության ձևավորման ուղղությամբ։

Հանդիպման լուսանկարները՝ Ախուրյանի համայնքապետարանի ՖԲ պաշտոնական էջի, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0LUMyBRSbupu7vuVbcPfkosNaZu66ziRbE7eegNSxaioAnSWY4ycGEEpQ3rFU25kbl&id=100083184524409

Քննարկման լուսանկարները՝ (ԴեաԼոԳ) ծրագրի, https://www.facebook.com/SALAR.International.in.Armenia/posts/pfbid02yht8izK1u52Q8ByfRtAAkbRHHynQ3H73Z7aVhpFf4L2pXDgB9A52zA2p6GXccKskl

 

 

Կիսվել