Ի՞նչ է ապակենտրոնացումը
10-06-2025
Ապակենտրոնացումը պետական կառավարման կենտրոնական մարմնից/կենտրոնական իշխանությունից կամ կառավարությունից լիազորությունների և գործառույթների փոխանցումն է իրենից ցածր օղակներին՝ ՏԻՄ-երին (տեղական համայնքներին), որոնք գործում են անկախ և ինքնուրույն՝ սպասարկելով տեղերում բնակիչների կարիքներն ու շահերը։
Ապակենտրոնացման լավագույն ձևը հանրային կառավարման իշխանության գործառութային հստակ տարանջատումն ու բաշխումն է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև՝ կիրառելով փոխլրացման կամ համադրման սկզբունքը, համաձայն որի՝ հանրային կառավարման համակարգի բարձր օղակին չպետք է հանձնարարարել այն, ինչն ավելի լավ կարող է կատարել ցածր օղակը։
Ապակենտրոնացումը հանրային կառավարման և ընդհանրապես պետության ու հասարակության համակեցության կազմակերպման այն երևույթներից է, որի վերաբերյալ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, քննարկվել դրա նպատակները, առավելություններն ու ռիսկերը, և որոնց հիման վրա, ի լրումն այլ հիմնարար սկզբունքների, կազմակերպվում ու շարունակում են զարգանալ ժամանակակից պետություններն ու ազգերը:
Այն հանդիսացել է հատկապես վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զարգացած և զարգացող երկրներում իրականացված առանցքային բարեփոխումներից մեկը, որը պայմանավորել է տվյալ երկրի տնտեսական, ժողովրդավարական, ժողովրդագրական և քաղաքական ապագան:
Ցանկացած երկրում ժողովրդավարության՝ որպես քաղաքական իշխանության իրականացման ձևի հաջողությունը պայմանավորված է տեղական ինքնակառավարման երկարամյա ավանդույթներով: Մասնագիտական գրականության մեջ այդ առիթով լայնորեն կիրառվող հասկացության՝ մունիցիպալ (տեղական, համայնքային, շրջանային) ժողովրդավարության, պայմանններում քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու իրենց համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը:
Եվ հենց այստեղ է, որ տեղական ինքնակառավարման համակարգը զարգացող ու կենսունակ է, եթե այն իրականացնում է կենտրոնական իշխանության որոշ լիազորություններ և գործառույթներ:
Եթե դիտարկենք ապակենտրոնացումը որպես անընդհատություն (կոնտինում)՝ ըստ ապակենտրոնացվածության աստիճանի, ապա առանձնացվում են հետևյալ հիմնական ագրեգացված ձևերը․
Փոխանցում («Դեվոլյուցիա»). հանդիսանում է ապակենտրոնացման առավել խորը և առավել բնութագրական ձևը, երբ իշխանությունն ու լիազորությունները փոխանցվում են ստորին մակարդակի ինքնավար/ընտրված միավորներին` շրջանային, համայնք և այլն, որոնք օրենքով համարվում են իշխանության առանձին և անկախ մարմիններ: Այս ձևն ապակենտրոնացման առավել ամբողջական ու բնորոշ տարբերակն է:
Պատվիրակում. ապակենտրոնացման ավելի թույլ տեսակ է, որի պարագայում որոշումների ընդունումն ու վարչական իրավասությունները փոխանցվում են ավելի ստորին միավորներին, որոնք գտնվում են կառավարության անուղղակի վերահսկողության ներքո և հաշվետու են նրան: Ըստ էության, այն ընդգրկում է տեղական (կամ իշխանություն, կամ ոչ իշխանական օրինակ՝ պետական ընկերությունները) միավորներ՝ տրամադրելու ծառայություններ, որոնք ֆորմալ առումով վերապահված են կենտրոնին և գտնվում են դրանց պատասխանատվության դաշտում: Այս պարագայում ծառայություն տրամադրողը միշտ հանդես է գալիս կենտրոնի անունից: Դեվոլյուցիայից ավելի ցածր է, իսկ գործնականում՝ նշանակալից իր տարածվածությամբ:
Ապահամակենտրոնացում. այս մակարդակը կենտրոնական կառավարության ենթակա տեղական կամ տարածքային միավորներն են, ծառայություն մատուցող օղակները: Այս պարագայում իշխանության ապակենտրոնացումը շատ սահմանափակ է, իսկ պարտականությունների փոխանցումը տեղի է ունենում միևնույն համակարգի ներսում՝ որպես հիերարխիա կամ աստիճանակարգություն:
Այսինքն, պարտականությունների իրականացումն փոխանցվում է նախարարությունների և այլ կենտրոնական գործակալությունների տարածքային միավորներին: Դրանք չունեն քաղաքական իշխանություն և որոշումների կայացման իրավասություն: Այս տարատեսակն ապակենտրոնացման առավել թույլն է, սակայն բավականին տարածված զարգացող երկրներում: Իհարկե, այս տարատեսակներն ունեն իրենց բնորոշ այլ առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված դրանք այս կամ այն երկրում ստանում են իրենց ուրույն դրսևորումները:
Օրինակ, «դեվոլյուցիային» բնորոշ են հետևյալ բնութագրիչները՝
1․ Տեղական կառավարման միավորներն ինքնավար/ինքնուրույն են և համարվում են կառավարման առանձին մակարդակ, որի նկատմամբ կենտրոնը չունի ուղղակի վերահսկողություն կամ այն շատ սահմանափակ է։
2․ Ունեն հստակ ու օրենքով սահմանված աշխարհագրական սահմաններ:
3. Իրավաբանական անձ են հանդիսանում և իրավասու են իրենց գործունեության ապահովման համար ներգրավել ռեսուրսներ:
Այն առաջ է քաշում տեղական իշխանության մարմինների՝ որպես հաստատությունների զարգացման անհրաժեշտության գաղափարը, քանզի այդ մարմինները քաղաքացիների կողմից ընկալվում են և՛ որպես իրենց ծառայություն մատուցողներ, և՛ որպես իշխանություն, որի նկատմամբ իրենք ունեն որոշակի ազդեցություն:
Դեվոլյուցիան ենթադրում է փոխգործակցություն, փոխադարձաբար օգտավետ և արդյունավետ համակարգման փոխհարաբերություններ:
Այս չափանիշներն այս կամ այն խորությամբ իրագործելու ճանապարհով Հայաստանը կառուցել է իր ապակենտրոն կառավարման համակարգը, որը կարող է էականորեն տարբերվել այլ երկրներից (օրինակ՝ Մեծ Բրիտանիայի պարագայում դեվոլյուցիան վերաբերում է, օրինակ, Շոտլանդիայի հետ փոխհարաբերություններին, Շոտլանդիայի Պառլամենտի ստեղծմանը, լիազորությունների ընդլայնմանը և այլն):
Ըստ ֆունկցիոնալ ուղղվածության՝ ընդունված է առանձնացնել ապակենտրոնացման հետևյալ հիմնական տեսակները՝
ա) Քաղաքական
Քաղաքական իշխանության, իրավասությունների և ռեսուրսների հանձնումը տեղական կառավարման մակարդակներին, որոնք ներկայացնում են տեղի բնակչությանը և հաշվետու են նրանց առջև: Քաղաքական ապակենտրոնացումը այնպիսի կարգավորումներ են, որոնցով քաղաքական իշխանությունը փոխանցվում է տեղական իշխանություններին՝ ընդլայնելով հաշվետվողականությունը իրենց քաղաքացիների հանդեպ:
բ) Վարչական
Ներառում է կենտրոնական կառավարությունից կամ իշխանությունից որոշակի հանրային գործերի/հարցերի կառավարման ու պլանավորման առանձին իրավասությունների և լիազորությունների փոխանցումն իր տարածքային վարչական միավորներին կամ տեղական իշխանություններին, որի դեպքում, սակայն, կենտրոնը պահպանում է իր հաշվետու լինելու հանգամանքը:
Այն վերաբերում է համակարգերին, գործընթացներին ու քաղաքականություններին, որոնցով հանրային գործառույթները փոխանցվում են ՏԻՄ-երին (տեղական համայնքներին)։
գ) Ֆիսկալ կամ հարկաբյուջետային ապակենտրոնացում
վերաբերում է ռեսուրսների վերաբաշխմանը կենտրոնական կառավարությունից դեպի համայնքային մակարդակներ և այդ ռեսուրսների օգտագործման համար անհրաժեշտ որոշումների կայացման իրավասություններին՝ միտված արդյունավետ և թափանցիկ ֆինանսական կառավարման զարգացմանը:
Այն ենթադրում է ծախսերի կատարման և եկամուտների (փոխանցումներ կառավարման մակարդակների միջև, սեփական հարկային և ոչ հարկային եկամուտներ) գործառույթների վերագրում տեղական իշխանություններին: Կարող է չներառել հաշվետվողականության ֆորմալ մեխանիզմներ քաղաքացիների հանդեպ:
Ֆիսկալ կամ հարկաբյուջետային ապակենտրոնացումը դիտարկում է լիազորությունների (ծախսերի մասը) և ֆինանսական գործիքների (եկամուտների մասը) բաշխման արդյունավետությունը կառավարման մակարդակների միջև, որի շրջանակներում կարևորվում է նաև կենտրոնի կողմից համապատասխան ֆինանսական փոխանցումները, ինչպես նաև ֆինանսական շուկայի ու գործիքների հասանելիությունը մարզային մակարդակներին:
Այսինքն, ապակենտրոնացումը դիտարկվում է հիմնականում երեք առանձին, սակայն խիստ փոխկապակցված բնագավառների փոխհարաբերությունների տիրույթում՝ տնտեսագիտության (հանրային ֆինանսներ, հանրային բարիքների, ծառայությունների արտադրություն և սպառում, ծախսերի օպտիմալացում և այլն), քաղաքագիտության (ժողովրդավարական կառավարում, ընտրություններ, հաշվետվողականություն և այլն) և հանրային կառավարման (գործառույթներ, կառուցվածքներ, կազմակերպում, վարչարարություն և այլն):
Այսօր հաշվի առնելով հանրային կառավարման փոխակերպման միտումները, ապակենտրոնացումն ինքնին որպես բազմաշերտ երևույթ, հանդիսանում է արդյունավետ ճանապարհ պետության կենտրոնացված իշխանությունը ժողովրդավարացնելու և հումանիզացնելու (մարդկայնացնելու) համար՝ այդպիսով իշխանություն ունենալու և լինելու պատասխանատվությունը կենտրոնից տարալուծելու դեպի մարզեր, համայնքներ, ծայրամասեր՝ այն դարձնելով ավելի մարդակենտրոն, արդար ու հաշվետու:
Կիսվել