ՆԱԽԱԳԻԾ․ ՀՀ 2027-2031 լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարություն և դրա իրականացման միջոցառումների ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ․ ՀՀ 2027-2031 լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարություն և դրա իրականացման միջոցառումների ծրագիր

 

 

 

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորման սահմանադրական հիմքերը Հայաստանի ժողովուրդն ամրագրել է 1995թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքում: Երկրի վարչատարածքային բաժանման նոր համակարգի հաստատմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» (1996թ.) օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում սկսվեց իշխանության ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը: 

Տարեցտարի ՀՀ իշխանությունները շարունակական քայլեր են ձեռնարկում տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների, հետագա ապակենտրոնացման ուղղությամբ, սակայն ապակենտրոնացումը որպես գործընթաց, դրսևորվել է մի շարք բացթողումներով և հակասական լուծումներով, որոնք ստվերում են ապակենտրոնացման գործընթացը՝ չապահովելով դրա համապատասխանությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ՀՀ Սահմանադրության դրույթներին:

ՀՀ հանրային կառավարման համակարգին մշտապես հատուկ է եղել լիազորությունների կենտրոնացման բարձր մակարդակը՝ դեպի պետական կառավարման համակարգը։ Սակայն, ՀՀ պետականության մոտ 30 և ավելի տարիների փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ–երը հաջողությամբ կարողանում են իրականացնել այն լիազորությունները, որոնք, լինելով երբեմնի պետական կառավարմանը վերապահված, օրենքի ուժով տրվել են համայնքային իշխանություններին։ Ավելին, մեր կարծիքով համայնքները ոչ միայն հաջողությամբ կարողանում են իրականացնել այդ լիազորությունները, այլև առավել արդյունավետ ու հասցեական են մատուցում այդ լիազորություններով նախատեսված ծառայությունները (օրինակ՝ տեղական հարկային վարչարարություն, նախադպրոցական կրթություն, արտադպրոցական դաստիարակություն և այլն)։

Հայաստանում 2016-2022թթ. տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված վարչատարածքային և օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև 2025թ. ընթացքում մշակված տեղական ինքնակառավարման բնագավառի նոր իրավակարգավորումների արդյունքում,  հնարավորություն է ընձեռվել  խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` նոր կազմավորված բազմաբնակավայր  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում՝ այդպիսով էլ ավելի նպաստելով տեղական ինքնակառավարման հիմքը հանդիսացող  սուբսիդիարության սկզբունքի իրացմանը, համաձայն որի որոշումները պետք է ընդունվեն բնակչությանը որքան հնարավոր է մոտ մակարդակում` այդպիսի որոշումների ընդունման հնարավորությունն ու դրանց արդյունավետությունը երաշխավորելու պայմանով:

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունը 2027–2031 թվականների համար հանդիսանում է պետական կառավարման համակարգի զարգացման և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կայացման հաջորդ կարևոր փուլը։ Այն ուղղված է պետական և տեղական իշխանությունների միջև գործառույթների ու պատասխանատվության օպտիմալ բաշխմանը՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և 2023թ. նոյեմբերի 7-ի N1111-Ա որոշմամբ հաստատված Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը։

Ռազմավարության հիմնական նպատակը պետության կողմից համայնքներին լիազորությունների աստիճանական և համակարգված փոխանցման միջոցով հանրային ծառայությունների որակի, մատչելիության և մասնակցայնության բարձրացումն է, որն իր հերթին կնպաստի համայնքներում կյանքի որակի և կառավարման արդյունավետության բարելավմանը։

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են էական վարչատարածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված համայնքների միավորմանը և տեղական ինքնակառավարման համակարգի կայուն զարգացմանը։ Նշենք, որ համայնքների միավորման գործընթացը պետք է ուղեկցվի լիազորությունների և ֆինանսական ռեսուրսների համաչափ բաշխմամբ։

Ռազմավարության մշակման հիմքում դրված են, ի թիվս այլ, հետևյալ սկզբունքները․

Սուբսիդիարություն՝ լիազորությունը պետք է իրականացվի այն մակարդակում, որը մոտ է ծառայության շահառուին։

Լիարժեքություն և բացառիկություն՝ համայնքներին պետք է տրամադրվեն լիազորություններ՝ հստակ պատասխանատվությամբ։

Ֆինանսական համաչափություն՝ համայնքներին պետք է փոխանցվեն ռեսուրսներ՝ համարժեք փոխանցվող լիազորությունների ծավալին։

Համագործակցություն և երկխոսություն՝ պետական կառավարման մարմինների և ՏԻՄ-երի միջև ինստիտուցիոնալ երկխոսության ձևավորում։

Ռազմավարությունը նախատեսում է չորս գերակա ուղղություններ, որոնք սահմանված են Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգով և առավել պատրաստ են ապակենտրոնացման և ունեն բարձր հանրային ազդեցություն․

Առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքերի պահպանում և սպասարկում

Ակնկալվում է, որ համայնքները կդառնան լիարժեք պատասխանատու ԱԱՊ շենքային ֆոնդի պահպանման և սպասարկման համար՝ ապահովելով ծառայությունների որակի բարձրացում։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենք-շինությունների կառավարում և պահպանում

Ռազմավարությունը նախատեսում է իրավական փոփոխություններ, տեղական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում՝ դպրոցների ենթակառուցվածքների պահպանման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Սոցիալական աջակցության ծառայությունների իրականացում

Նախատեսվում է համայնքներում ձևավորել սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ՝ ոչ դրամական սոցիալական ծառայությունների մասով` ուղղորդված համապատասխան ֆինանսավորմամբ և մասնագիտական կարողությունների զարգացմամբ։

Մարզային (տեղական) նշանակության ճանապարհների պահպանություն։

Տեղական նշանակության ճանապարհների պահպանման լիազորությունները փոխանցել համայնքներին՝ որպես պետության պատվիրակված լիազորություն` ապահովելով ճանապարհային ենթակառուցվածքների ավելի լավ սպասարկում և վերահսկողություն։

Ֆիսկալ ապակենտրոնացման տրամաբանությամբ, յուրաքանչյուր պատվիրակված լիազորության հետ միասին պետք է սահմանվեն ֆինանսավորման հստակ մեխանիզմներ և հաշվետվողականության պահանջներ։ Ֆիսկալ ապակենտրոնացումը այս Ռազմավարության համատեքստում չի նախատեսելու բարդ մոդելներ, ինչպիսիք են օրինակ հարկերից մասհանումներ: Փոխարենը կիրառվելու են պարզ մոդելներ, որոնք արդեն իսկ կիրառվում են Հայաստանում, ինչպիսիք են դոտացիաները և այլն: Ֆիսկալ ապակենտրոնացման ընթացքում խորապես հաշվի են առնվելու ՀՀ պետական ֆինանսական կառավարման համակարգի սկզբունքները, կենտրոնական բյուջեի ֆինանսական կայունությունը, մակրոտնտեսական կայունությունը:

Իրականացման մեխանիզմներ

Ռազմավարությունը կիրականացվի փուլային եղանակով՝ 2027-2031 թվականների ընթացքում, ինչը մանրամասնորեն ներկայացված է Ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով, ներառյալ․

իրավական դաշտի փոփոխություններ և նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունում,

ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում համայնքներում,

մեթոդական և ուսուցողական աջակցության տրամադրում,

պիլոտային ծրագրերի իրականացում և փորձի ընդլայնում,

պարբերական մոնիտորինգ և գնահատում՝ տարեկան հաշվետվություններով։

Ռազմավարության իրականացումը կուղեկցվի հստակ մոնիտորինգային շրջանակով՝ ներառյալ տարեկան առաջընթացի զեկույցների պատրաստում և 2032-2033թթ. արդյունքների գնահատման հաշվետվություն։

Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում կայուն և արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանը՝ համայնքներին վերապահելով ոչ միայն իրավասություններ, այլև իրական գործիքներ և ռեսուրսներ՝ համայնքների բնակիչներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։

Նախագիծը հանրային հրապարակման է ներկայացված Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ - e-draft.am հղումով

Կիսվել