Տաթև համայնքի ղեկավարի տեղակալին և միջնակարգ դպրոցի անձնակազմին ներկայացվեց կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունը Պիլոտային նախաձեռնություն
21-04-2026 - 21-04-2026
Տաթև համայնքի Տաթև բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ իրականացվող հանարկրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակում հանդիպում-քննարկում։ Այն միտված էր նախապատրաստելու տեղական դերակատարներին սպասվող փոփոխություններին և ձևավորելու համագործակցության արդյունավետ հարթակ՝ ծրագրի սահուն իրականացման համար։
Հանդիպումը մեկնարկել է համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանի ողջույնի խոսքով, ով ընդգծել է համայնքի պատրաստակամությունը՝ աջակցելու կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ակտիվորեն ներգրավվելու ապակենտրոնացման գործընթացում։ Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել շվեդական կազմակերպության ծրագրի թիմին՝ կարևոր բարեփոխումները հետևողականորեն առաջ տանելու պատասխանատվությունը վերցնելու համար։ Այնուհետև «ԴեաԼոԳ» ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի թիմին, նպատակներն ու տեսլականը՝ կարևորելով համայնքների դերը կրթության կառավարման և զարգացման գործում՝ խոսելով նաև նախորդիվ շրջանում ծրագրի կողմից իրականացված աշխատանքներին և տարբեր ուսումնասիրություններից։
Հանդիպմանը մասնակցում էին Տաթև համայնքի ղեկավարի տեղակալը, շրջակա գյուղերի դպրոցների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ, ծնողական կոմիտեների ներկայացուցիչներ, դպրոցական կառավարման խորհրդի անդամներ, ուսուցիչներ և համայնքային ոլորտի պատասխանատուներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել է կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության էությունը՝ շեշտադրելով, որ կրթահամալիրները դիտարկվում են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև որպես համայնքային զարգացման բազմաֆունկցիոնալ կենտրոններ։ Նշվել է, որ դրանք կարող են ծառայել համայնքի կրթական, մշակութային և սպորտային կարիքներին՝ նպաստելով կրթության հասանելիության և որակի բարձրացմանը։
Մասնակիցները ներգրավվել են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կողմից ներկայացված՝ հաղորդակցման և համագործակցության հմտությունների խթանման մոդուլային վարժությունում՝ նպաստելով թիմային աշխատանքի ձևավորմանը։
Առանցքային թեմաներից էին համայնքների լիազորությունների ընդլայնումը վարչատնտեսական համակարգում, կրթահամալիրների կառավարման նոր մոդելները, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների ընդգրկումը կրթահամալիրների շրջանակում։ Անդրադարձ է կատարվել նաև կրթահամալիրների օրինակելի կանոնադրությանը, հանրային քննարկումների գործընթացին (e-draft.am հարթակում), ինչպես նաև շենք-շինությունների կառավարման լիազորությունները համայնքներին փոխանցելու հնարավորություններին։
Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության հասանելիության խնդիրներին՝ տրանսպորտի և լոգիստիկայի կազմակերպմանը։ Նշվել է, որ համայնքում արդեն իրականացվում են որոշակի լուծումներ, օրինակ՝ համայնքային ավտոբուսը ապահովում է ուսուցիչների տեղափոխումը Սվարանց բնակավայրից դեպի Տաթև։ Տաթև բնակավայրում կառուցվող կրթահամալիրը նախատեսված է սպասարկելու Սվարանց և Տանաձատափ գյուղերը։
Քննարկվել է նաև համայնքի դերը պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ներգրավման, ինչպես նաև կրթական միջավայրի բարելավման գործում։ Կարևորվել է համայնքի և կրթահամալիրի համագործակցությունը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների ներգրավվածությունը կրթահամալիրի կառավարման խորհրդում՝ որպես մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ։
Մասնակիցների կողմից բարձրացվել են հարցեր պիլոտային ծրագրի ժամկետների, նպատակների, սպասվող արդյունքների, ինչպես նաև նոր լիազորությունների պայմաններում ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքների խոշորացման համատեքստում ծրագրի իրականացման առանձնահատկություններին, մասնավորապես՝ Տաթև համայնքի՝ Գորիս միավորված համայնքի կազմում ընդգրկվելու հնարավոր հեռանկարներին։
Ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերով ազգային խորհրդական Գարիկ Խաչիկյանը նշել է, որ համայնքները պետք է դիտարկվեն նաև որպես կրթության բովանդակության ձևավորման կարևոր օղակներ, և նման քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն։ Նա նաև ընդգծել է, որ կրթական տարբեր օղակների միջև մրցակցություն չի կարող լինել, և անհրաժեշտ է ձևավորել համագործակցային միջավայր։
Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց մոտեցումները՝ կարևորելով, որ կրթահամալիրների կառավարումը կարող է ավելի արդյունավետ լինել համայնքային մակարդակում՝ համապատասխան լիազորությունների փոխանցման դեպքում։