Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացմանը Քեթիի կրթահամալիր
23-04-2026 - 23-04-2026
Ապրիլի 22-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, ծանոթացել իրականացված ծրագրերին:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։
Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար:
Ախուրյան համայնքը և Քեթի բնակավայրի կրթահամալիրն (այսօր դեռևս՝ Քեթիի միջնակարգ դպրոց) ընդգրկված է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության «Աջակցություն Հայաստանում ապակենտրենացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ իրականացվող հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության փորձնական համայնքների և դպրոցների շարքում։
Ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել Վայք, Ախուրյան և Տաթև համայնքների՝ Մարտիրոս, Քեթի և Տաթև բնակավայրերի նորակառույց կրթահամալիրներում։
Հղումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք, https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2026/04/22/Nikol-Pashinyan-visiting-Shirak-Aragatsotn/