«Համատեղ կառավարում» աշխատաժողով՝ հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության մասնակիցների համար

«Համատեղ կառավարում» աշխատաժողով՝ հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության մասնակիցների համար

06-07-2026 - 06-07-2026

Սույն թվականի հուլիսի 3-ին Երևանում, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակում, հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության մասնակից համայնքների և դպրոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Համատեղ կառավարում» (Governing Together) թեմայով աշխատաժողով։

Հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

Պետության կողմից պիլոտային համայնքներ են ընտրվել Շիրակի մարզի Ախուրյան, Վայոց ձորի մարզի Վայք և Սյունիքի մարզի Տաթև համայնքները՝ համապատասխանաբար Քեթի, Մարտիրոս և Տաթև բնակավայրերի միջնակարգ դպրոցներով, որոնք հետագայում կվերակազմավորվեն կրթահամալիրների։

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Շվեդիայի 31 համայնքներում հաջողությամբ կիրառվող «Համատեղ կառավարում» (Governing Together) մեթոդաբանությունը՝ որպես կրթության կառավարման ժամանակակից, մասնակցային և արդյունավետ գործիք։

Մեթոդաբանությունը նպաստում է դպրոցների, համայնքների և այլ շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը, համատեղ որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը, հաշվետվողականության բարձրացմանը և կրթության որակի շարունակական բարելավմանը։

DeaLoG ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանն իր բացման խոսքում նշեց, որ պիլոտային նախաձեռնության շրջանակում կազմակերպված այս աշխատաժողովը կարևոր հնարավորություն է փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման համար։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության Հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը նշեց, որ Հայաստանը թևակոխել է ապակենտրոնացման կարևոր փուլ, իսկ այդ գործընթացը պետության համաչափ զարգացման կարևոր նախապայմաններից է։ Նրա խոսքով՝ ապակենտրոնացման քաղաքականությունն ամրագրված է կառավարության ծրագրում և ռազմավարական նպատակներում, և կրթության ոլորտում արդեն իսկ իրականացվել են մի շարք կարևոր քայլեր։

Անուշ Լալազարյանի խոսքով՝ թեև ներկայում կառավարության որոշ քայլեր ուղղված են կառավարման կենտրոնացմանը, քանի որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում մարզերի և Երևանի բոլոր դպրոցները գտնվում են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, դրանց վարչատնտեսական կառավարումն իրականացվելու է մարզպետարանների աշխատակազմերի միջոցով։ Միաժամանակ, նախարարությունը, որպես ոլորտի լիազոր պետական մարմին, կարևորում է ապակենտրոնացման գործընթացը, քանի որ կառավարության քաղաքականության հիմքում համայնքն ու համայնքի բնակիչն են։ Այդ պատճառով, ըստ նրա, ապագայում դպրոցների կառավարման լիազորությունները նախատեսվում է աստիճանաբար փոխանցել համայնքներին՝ համապատասխան ռեսուրսների և կարողությունների ապահովման պայմաններում։

ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեսթրոմը ևս ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և ներկայացրեց կազմակերպության գործունեությունը։ Նա ընդգծեց, որ Շվեդիայում համայնքները լիարժեք պատասխանատվություն են կրում կրթության կազմակերպման համար՝ սկսած նախադպրոցականից մինչև ավագ և մեծահասակների կրթություն։ Նրա խոսքով՝ Շվեդիայի բոլոր 290 համայնքները պատասխանատու են դպրոցների կառավարման և կրթական քաղաքականության իրականացման համար, մինչդեռ ազգային կառավարությունը սահմանում է պետական կրթական չափորոշիչներն ու ռազմավարական ուղղությունները։

«Համատեղ կառավարում» (Governing Together) մեթոդաբանության հեղինակներ Դանիել Բեռը և Ստեֆան Մալենը, որոնք հանդիսանում են Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) կրթության ոլորտի փորձագետներ, մասնակիցներին ներկայացրին մեթոդաբանության գաղափարախոսությունը, գործնական կիրառման սկզբունքներն ու դպրոց–համայնք համագործակցության արդյունավետ մոդելը՝ ընդգծելով տարբեր մակարդակների կառավարման մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը։

Այնուհետև փորձագետները հանդես եկան հատուկ շնորհանդեսով՝ նվիրված կրթության ապակենտրոնացման գործընթացում փաստահեն տվյալների հավաքագրման, վերլուծության և որոշումների կայացման գործընթացում դրանց արդյունավետ կիրառման մեխանիզմներին։

Համայնքների կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաները։ Նրանք ներկայացրին, թե ինչպես է «Համատեղ կառավարում» մեթոդաբանությունն իրականացվում Վեսթերվիկում, ինչ ճանապարհ է անցել համայնքը դպրոցների կառավարման ապակենտրոնացման գործընթացում, ինչ մարտահրավերների է բախվել և ինչ լուծումներ են կիրառվել՝ կրթության կառավարման արդյունավետ և կայուն համակարգ ձևավորելու համար։

Աշխատաժողովին մասնակցել է շուրջ 70 ներկայացուցիչ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, պիլոտային համայնքներից, դպրոցներից, ինչպես նաև ծրագրի գործընկեր կազմակերպություններից։

Կրթության ապակենտրոնացման գաղափարի, դրա իրականացման գործիքների և համայնքների դերակատարության վերաբերյալ մասնագիտական տեսակետներ ներկայացրին նաև ծրագրի կրթության փորձագետները։ Միջոցառման ավարտին DeaLoG ծրագրի կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կազմակերպեց գործնական խմբային աշխատանք և համայնքային պլանավորման ուսուցողական վարժություն, որի ընթացքում համայնքների և դպրոցների ներկայացուցիչները համատեղ մշակեցին տարբեր իրավիճակների լուծումներ և քննարկեցին կրթության կառավարման ապակենտրոնացման հնարավոր սցենարները։

Կիսվել