Տաթև համայնքում քննարկվել Է կրթության կառավարման ապակենտրոնացման հարցը

Տաթև համայնքում քննարկվել Է կրթության կառավարման ապակենտրոնացման հարցը

08-07-2026 - 08-07-2026

ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին Տաթև համայնքի ավագանու նիստերի դահլիճում կայացել է աշխատանքային հանդիպում՝ նվիրված հանրակրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությանը և դպրոցների կառավարման միջազգային փորձի քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) և SALAR International-ի ներկայացուցիչները, ինչպես նաև «ԴեաԼոԳ» ծրագրի թիմը՝ ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանի գլխավորությամբ։
Քննարկմանը մասնակցել են նաև Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մանկավարժները։

Հանդիպումն անցել է կառուցողական և արդյունավետ մթնոլորտում։ Շվեդ գործընկերները ներկայացրել են Շվեդիայում կրթության կառավարման և դպրոցների ապակենտրոնացման մոդելը, իրականացված բարեփոխումների ընթացքում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվել են գործընթացի տարբեր փուլերում։
Քննարկման ընթացքում Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հետաքրքրվել է Շվեդիայում դպրոցների միավորման և փակման գործընթացների կազմակերպմամբ, հեռավոր բնակավայրերից աշակերտների անվտանգ փոխադրման համակարգով, ինչպես նաև նման բարեփոխումների պայմաններում աշխատատեղերի պահպանման մեխանիզմներով։ Շվեդ գործընկերները, մասնավորապես՝ Վեսթերվիկ համայնքը ներկայացնող տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ներկայացրել են իրենց փորձը քաղաքական և կրթական կառավարման ոլորտներում և պատասխանել մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ապակենտրոնացման հաջողության կարևորագույն գործոններից մեկը մարդկանց միջև և կառավարման տարբեր մակարդակներում արդյունավետ հաղորդակցությունն է։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ակտիվ մասնագիտական քննարկում և հարցուպատասխան, որի արդյունքում մասնակիցները կարևորել են կրթության կառավարման ապակենտրոնացման գործընթացը՝ ընդգծելով, որ այն կարող է հաջողությամբ իրականացվել, եթե ապագա կրթահամալիրների կառավարումը վստահվի համայնքներին, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվեն այդ լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, վարչական և մարդկային ռեսուրսները։
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ շվեդական հաջողված փորձը կարող է կարևոր ուղենիշ դառնալ Հայաստանում հանրակրթության կառավարման ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման համար։

Պատվիրակությունն այցելել է նաև Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի մանկապարտեզ և Տաթևի միջնակարգ դպրոց, որտեղ ևս տեղի են ունեցել շահագրգիռ և օգտակար քննարկումներ դպրոցի անձնակազմի հետ։
«ԴեաԼոԳ» ծրագրի ազգային խորհրդական՝ տեղական ինքնակառավարման հարցերով Գարիկ Խաչիկյանը դպրոցի աշխատակազմին ներկայացրել է կրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունը, կրթահամալիրների կառավարումը համայնքներին փոխանցելու վերաբերյալ ծրագրի թիմի և նախարարության մոտեցումները, ինչպես նաև տեղեկություններ է ներկայացրել պիլոտային ծրագրի իրավական հիմքերի մշակման ընթացքի մասին։
Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետության հետ քննարկվում են վարչատնտեսական գործառույթները համայնքներին փոխանցելու հնարավոր տարբերակներն ու դրանց նպատակահարմարությունը, ինչպես նաև կառավարության ցանկությունը՝ համայնքներին փոխանցելու շենք-շինությունների սպասարկման և պահպանման լիազորությունները։
Գարիկ Խաչիկյանը դպրոցի աշխատակազմի անունից հարց է ուղղել Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներին՝ հետաքրքրվելով, թե արդյոք համայնքի կրթության հանձնաժողովի նախագահ կամ ղեկավար լինելու համար պարտադիր է ունենալ մանկավարժական կրթություն կամ ուսուցչի աշխատանքային փորձ։ Հարցն առաջացել էր այն հանգամանքից, որ հանձնաժողովի նախագահ Անդրեաս Բիլտորպը տեղական քաղաքական գործիչ է։
Տաթևի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները շվեդ հյուրերից հետաքրքրվել են նաև Շվեդիայում հեռավոր բնակավայրերից դպրոցներ հասնելու կազմակերպման, ինչպես նաև եղանակային ֆորսմաժորային իրավիճակների կառավարման փորձով, քանի որ Հայաստանում այդ խնդիրները բավականին սուր և արդիական են։

Շվեդ գործընկերները ներկայացրել են իրենց փորձը՝ նշելով, որ թեև Շվեդիայում նույնպես նման իրավիճակներ լինում են, սակայն դրանց ծավալներն ու բարդությունը համեմատելի չեն Հայաստանի պայմանների հետ։
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը նույնպես միացել է քննարկմանը՝ նշելով, որ ինքն էլ իր համայնքում տեղական քաղաքական գործիչ է՝ սոցիալական ոլորտի պատասխանատվությամբ, և պարտադիր չէ ունենալ մասնագիտական կրթություն կամ աշխատանքային փորձ, օրինակ՝ կրթության կամ սոցիալական ոլորտում։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ քաղաքական գործիչը կարողանա համադրել իր ունեցած գիտելիքն ու փորձը, միաժամանակ շարունակաբար կատարելագործվի և ձեռք բերի նոր հմտություններ։

Տաթևի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը կատակով նշել է, որ Շվեդիան հայտնի է գենդերային հավասարության և կանանց մասնակցության խրախուսման քաղաքականությամբ, սակայն Հայաստան ժամանած պատվիրակության կազմում կին ներկայացուցիչներ չկան։ Ի պատասխան՝ շվեդ գործընկերները նշել են, որ դա պարզապես պատահականություն է։ Նրանք հավելել են, որ Շվեդիայում քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը կազմում է շուրջ 49 տոկոս, իսկ մարզային և տեղական մակարդակներում, ինչպես նաև առողջապահության և կրթության ոլորտներում կանայք հաճախ մեծամասնություն են կազմում։
Հանդիպումն ավարտվել է ջերմ, կառուցողական և բովանդակալից մթնոլորտում։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Համատեղ կառավարում» աշխատաժողովի շրջանակում։

Կիսվել