Կայացավ երկրորդ Համայնքային ֆորումը

Կայացավ երկրորդ Համայնքային ֆորումը

փտր 22

Ս․թ․ փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակում կազմակերպվող ամենամյա երկրորդ Համայնքային ֆորումը, որն այս տարի ուներ «Համայնքների դերը կրթությունում․ միասնական ձայն» խորագիրը և նվիրված էր կրթության ապակենտրոնացմանը և ՏԻՄ բարեփոխումներին։ 

Համայնքային ֆորումի նպատակն էր կոնսոլիդացնել բոլոր համայնքներին ապակենտրոնացման օրակարգի շուրջ՝ տալով հնարավորություն բարձրացնել միասնական ձայն, ունենալ շահավետ քննարկումներ և երկխոսություն գործադիր իշխանության հետ։

Ֆորումին մասնակցեցին «ԴեաԼոԳ» ծրագրի գործընկեր բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, բազմաթիվ համայնքների ղեկավարներ, ՏԻՄ աշխատակիցներ, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, Շվեդիայի դեսպանության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ։ 

ՀՀ կառավարության ներկայացուցիչները (ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան) անդրադարձան իրենց ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին և պետության մոտեցումներին ապակենտրոնացմանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձի՝ այս դեպքում Շվեդիայի հարուստ ավանդույթները և երկարամյա հաջողված փորձը ՏԻՄ բարեփոխումների և ապակենտրոնացման բնագավառներում։ Գերատեսչությունների ոլորտները համակարգող փոխնախարարները ներկաներին նաև տեղեկացրին կրթության ու ՏԻՄ ոլորտներում տարբեր ուղղություններով իրականացվող օրենսդրական բնույթի աշխատանքներին։

Մասնակիցներին ներկայացվեց Շվեդական կրթական փորձը, տեղական իշխանությունների և դպրոցների հետ համագործակցության հաջողությունները և այլն։ Այդ նպատակով՝ Հայաստան էին ժամանել ՍԱԼԱՐ-ի և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի գործընկերները՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի գործադիր տնօրեն պարոն Ռայան Նոքսի գլխավորությամբ։ ՍԱԼԱՐ-ի գործընկերները ֆորումի մասնակիցների հետ կիսվեցին կրթության ոլորտում համայնքների դերակատարության միջազգային փորձի, դերերի ու պարտականությունների, հաշվետվողականության և լավ կառավարման այլ գործելակերպերի, ինչպես նաև համայնքների միասնական ձայնի ուղղությամբ իրենց փորձով ու գիտելիքներով։ Մասնավորապես շվեդ փորձագետները իրենց հայ գործընկերներին սահիկաշարերի միջոցով ներկայացրին STYRSAM գործիքը, որը մեթոդաբանական մի ամբողջ գործիքակազմ է, ինչի շնորհիվ այսօր Շվեդիայում շուրջ 50 համայնքներ օգտագործում են այն՝ տեղական իշխանությունը առավել ժողովրդավար, թափանցիկ, հաշվետու և պատասխանատու դարձնելու համար։

SALAR International-ի գործադիր տնօրեն Ռայան Նոքսը ողջունեց ֆորումի մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով հրավերը չմերժելու համար և ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան և շարունակել ապակենտրոնացման օրակարգի շուրջ քննարկումները Հայաստանի կառավարության գործընկերների և տեղական իշխանությունների հետ։

Համայնքային ֆորումի ընթացքում տեղի ունեցան հետաքրքիր պանելային քննարկումներ համայնքների (Մասիս, Վանաձոր, Վաղարշապատ) և պետական գերատեսչությունների (ՏԿԵՆ, ԿԳՄՍ) ոլորտային պատասխանատուների միջև, որոնք անցավ բուռն ակտիվության ու տեսակետների բախման պայմաններում։

Համաժողովի ժամանակ թե՛ սկզբում, և թե ավարտին՝ համայնքային ու պետական պաշտոնյաները կարծիք հայտնեցին, որ ֆորումի անցկացման գաղափարն արդեն իսկ ընդունվել է շահագրգիռ կողմերի կողմից և այն ոլորտում սպասված իրադարձություն է ամեն տարի։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների՝ այս տարի համայնքային ֆորումին մասնակցեցին ավելի քան 70 մարդ հանրապետության բոլոր մարզերից ու համայնքներից, որոնցից մոտ 3 տասնյակ համայնքների ղեկավարներ, ավելի քան 20 համայնքների ղեկավարների տեղակալներ, բազմաթիվ համայնքապետարաննների աշխատակազմերի քարտուղարներ, մարզպետների աշխատակազմերի ստորաբաժանման ղեկավարներ, համայնքային ծառայողներ։

Հայաստանում «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը ֆորումի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՏԻՄ բարեփոխումների առաջմղման ու ապակենտրոնացմանը վերաբերող հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ առաջիկայում գործարկվելու է ՀՀ Ապակենտրոնացման պորտալը։

Կիսվել