
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
փտր 21 - մրտ 21
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ու «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը Երևանում ստորագրել են «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) նախագահ Անդերշ Հենրիկսոնը հուշագրի էլեկտրոնային տարբերակը ստորագրել է Շվեդիայում:
Կողմերը վստահություն են հայտնել, որ հուշագրով ամրապնդվելու է կրթության ապակենտրոնացմանն ուղղված համագործակցությունը: Հուշագրով սահմանվում են կողմերի միջև համագործակցության պայմանները՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիսանում է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի հիմնական գործընկերներից մեկը: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցմանը՝ խթանելով քաղաքական երկխոսությունը, կարողությունների զարգացումը և ինքնակառավարման համակարգի ամրապնդումը թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։ Ծրագիրն ընդգծում է կրթության ապակենտրոնացման դերը տեղական զարգացման գործընթացներում։
«ԴեաԼոԳ» ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ ընդլայնել համագործակցության ձևաչափում գործող դպրոցների թիվը, դրանց ավելացնելով նաև երեք մոդուլային նոր դպրոցները՝ Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում։